Ծրագիրն ավարտվել է, բայց լյուկը կողպված է։ Ներսում՝ ձեր վաղվա շապիկը։ Իսկ ամենավատ տարբերակում՝ ներսում ջուր էլ կա։

Առաջին և ամենակարևոր խորհուրդը՝ մի քաշեք ուժով և մի փորձեք դանակով կամ պտուտակահանով բացել։ Լվացքի մեքենայի դռան փականը պլաստիկ մեխանիզմ է. ուժով քաշելը ջարդում է կեռիկը կամ դռան լեզվակը, և 15 000 ֏-ի աշխատանքը դառնում է 25 000 ֏՝ արդեն նոր դռան մեխանիզմով։

Նախ՝ 5 րոպե սպասեք

Գրեթե բոլոր մեքենաներում փականը բացվում է ծրագրի ավարտից 1–3 րոպե անց, որոշ մոդելներում՝ մինչև 5 րոպե։ Դա ոչ թե անսարքություն է, այլ պաշտպանություն. բիմետաղական փականին պետք է ժամանակ՝ սառչելու։ Այսպես որ սկզբում պարզապես սպասեք։

Հետո՝ պարզ քայլերը հերթով

1. Անջատեք մեքենան և վարդակից հանեք 15–20 րոպեով։ Հետո միացրեք։ Շատ դեպքերում կառավարման պլատան «կախվել» է, և վերագործարկումը լուծում է խնդիրը։

2. Ստուգեք՝ ջուր կա՞ ներսում։ Եթե թմբուկում ջուր է մնացել, փականը դիտավորյալ չի բացվի՝ որ ջուրը ձեր խոհանոց չթափվի։ Այս դեպքում իրական խնդիրը դուռը չէ, այլ ջրահեռացումը։ Դրեք «քամել» կամ «դատարկել» ծրագիրը։ Չի օգնում՝ տես Լվացքի մեքենան ջուրը չի քաշում։

3. Դատարկեք ջուրը ձեռքով։ Մեքենայի առջևի ներքևի անկյունում փոքր կափարիչ կա։ Բացեք, տակը դրեք ցածր տարա և շոր (ջուրը կգնա հատակին, եթե պատրաստ չեք)։ Այնտեղ է վթարային խողովակը՝ խցանով, կամ աղբի ֆիլտրը։ Դանդաղ բացեք և թողեք ջուրը լրիվ դուրս գա։

4. Գտեք վթարային թոկը։ Նույն ներքևի խորշում շատ մոդելներում կա փոքր պլաստիկ լեզվակ կամ թոկ (հաճախ նարնջագույն, կանաչ կամ սև)։ Զգուշորեն քաշեք ցած՝ դա մեխանիկորեն բացում է փականը։ Առանց ֆիզիկական ուժի՝ մի քաշեք, եթե դիմադրում է։

5. Եթե թոկ չկա։ Որոշ մոդելներում վերին կափարիչը հանելուց հետո հասանելի է փականի մեխանիզմը վերևից։ Բայց այս քայլն արդեն վարպետի գործ է՝ առանց փորձի հեշտ է ջարդել ամրակները և վնասել լարերը։

Ինչու է փականը խափանվում

Դռան փականը վառվել է

Ամենահաճախը։ Ներսի բիմետաղական տարրը կամ փաթույթը կտրվում է, և պլատան ազդանշան չի ստանում։ Հաճախ դրան ուղեկցում է երկրորդ ախտանիշը՝ մեքենան ընդհանրապես չի սկսում ծրագիրը, որովհետև «դուռը փակ չէ»։ Փոխարինումը՝ 15 000 ֏-ից։

Դռան կեռիկը կամ լեզվակը ջարդվել է

Մեխանիկական մաշվածություն, կամ հետևանք՝ երբ դուռը փակում են ուժով, ոտքով, կամ քաշում կողպված վիճակում։ Նշանը՝ դուռը փակելիս «կլիկ» չի հնչում կամ դուռը լավ չի կպչում։

Դռան ծխնիներն իջել են

Ծանր դուռը ժամանակի ընթացքում «նստում» է, և լեզվակը փականի անցքին չի համապատասխանում։ Կարգավորումը էժան աշխատանք է։

Կառավարման պլատան

Փականին սնուցում տվող ռելեն վառվել է։ Պլատայի վերանորոգումը՝ 20 000 ֏-ից։

Ջրի մակարդակի տվիչը (պրեսոստատ)

Երբ պրեսոստատը «ցույց է տալիս», թե բաքում դեռ ջուր է, մեքենան պահում է դուռը կողպած, նույնիսկ եթե ներսը լրիվ դատարկ է։ Դասական ախտանիշ, որը շատ հաճախ շփոթում են փականի հետ։

Ինչ չանել երբեք

Չբացել դանակով, պտուտակահանով, բանկային քարտով՝ լյուկի ապակու ամրակները հեշտ ջարդվում են։ Չքաշել դուռն ուժով՝ կեռիկը կջարդվի։ Չհանել դուռը՝ չլուծելով, թե ջուրը ներսում կա։ Չթողնել թաց լվացքը փակ մեքենայում օրերով՝ ամեն ժամ բորբոսի հոտի ռիսկ է։

Եթե շտապում եք, և թոկով չբացվեց, զանգեք։ Այս աշխատանքը սովորաբար կատարվում է տեղում՝ 30–40 րոպեում։

Կապակցված՝ Լվացքի մեքենան չի միանում · Լվացքի մեքենայի սխալի կոդերը։


Դուռը կողպվա՞ծ է մնացել։ Զանգեք 095 79 79 45 կամ գրեք WhatsApp/Viber-ով՝ նշելով մակնիշն ու սխալի կոդը, եթե կա։ Այց և ախտորոշում՝ 5 000 ֏, վերանորոգման դեպքում հաշվվում է աշխատանքի արժեքի մեջ։ Ավելին՝ Լվացքի մեքենաների վերանորոգում։