Մեքենան միանում է, ջուրը լցվում է, ինչ-որ բան բզզում է, իսկ թմբուկը տեղից չի շարժվում։ Կես ժամ հետո հանում եք շորերը՝ թաց ու նույն կեղտոտ։
Նախքան վարպետ կանչելը մի պարզ ստուգում արեք, որը շատ բան է ասում։
1 րոպեի թեստ
Անջատեք մեքենան, բացեք դուռը և ձեռքով պտտեք թմբուկը։
- Պտտվում է շատ թեթև, առանց որևէ դիմադրության։ Գրեթե հաստատ փոկն է դուրս եկել կամ պատռվել։
- Պտտվում է նորմալ, թեթև դիմադրությամբ։ Մեխանիկան կարգին է, խնդիրը մոտորում կամ էլեկտրոնիկայում է։
- Դժվար է պտտվում, ճռռում է կամ ընդհանրապես չի շարժվում։ Կա՛մ ինչ-որ առարկա է խցկվել թմբուկի և բաքի արանքը, կա՛մ առանցքակալն է քանդվել։
Պատճառները՝ հերթով
1. Շատ եք լցրել
Այո, երբեմն այսքան պարզ է։ Ժամանակակից մեքենաները կշռում են լվացքը, և եթե վերմակն ու երկու խալաթը միասին եք դրել, մեքենան ուղղակի հրաժարվում է պտտել։ Կեսը հանեք և փորձեք նորից։
2. Փոկը (ռեմենը)
Փոկը մոտորի պտույտը հաղորդում է թմբուկին։ Տարիների ընթացքում այն ձգվում է, ճաքճքում, և մի օր դուրս թռչում կամ պատռվում։ Նշանը՝ մոտորի ձայնը լսվում է, իսկ թմբուկը կանգնած է։ Էժան և արագ վերանորոգում է։ Բայց եթե նոր փոկը նորից ընկնում է, պատճառը ավելի խորն է՝ առանցքակալը կամ ճախարակը։
Նշում. LG-ի և Samsung-ի Direct Drive մոդելներում փոկ չկա, մոտորը նստած է ուղիղ թմբուկի առանցքին։
3. Մոտորի խոզանակները (շչոտկաները)
7–10 տարեկան մեքենաներում ամենահաճախ հանդիպող պատճառն է։ Գրաֆիտե խոզանակները աշխատելիս մաշվում են, ինչպես մատիտը։ Նշանները՝ թմբուկը պտտվում է թույլ, ցնցումներով, քամելիս չի հավաքում արագություն, երբեմն կայծի հոտ կա։ Խոզանակները փոխվում են զույգով, և մոտորը ծառայում է ևս տարիներ։
4. Մոտորը կամ նրա տվիչը (տախո)
Տվիչը մեքենային «ասում է», թե ինչ արագությամբ է պտտվում թմբուկը։ Երբ այն փչանում է, թմբուկը կա՛մ չի պտտվում, կա՛մ միանգամից խելագար արագությամբ է գնում։ Ինքը մոտորը հազվադեպ է այրվում, սովորաբար՝ ջրի արտահոսքից հետո։
5. Կառավարման պլատան
Մոտորը սարքին է, փոկը տեղում, բայց հրաման չկա։ Պլատայի վրա այրվում է մոտորը կառավարող տարրը։ Լավ լուրը՝ պլատան շատ հաճախ վերանորոգվում է, և նորը գնելու կարիք չի լինում։
6. Առանցքակալը (պադշիպնիկ) կամ խցկված առարկա
Եթե վերջին ամիսներին քամելիս մեքենան ինքնաթիռի պես գվվում էր, իսկ հիմա թմբուկը կանգնել է, առանցքակալն է քանդվել։ Սա ամենաաշխատատար վերանորոգումն է. մեքենան ամբողջությամբ քանդվում է։ Դրա համար էլ գվվոցը լսելուն պես ավելի լավ է դիմել, չսպասել մինչև կանգնի։
Իսկ եթե թմբուկը հանկարծ կանգնեց մետաղական ճռռոցով, հավանաբար կրծկալի մետաղալարը կամ մանրադրամն է ընկել թմբուկի և բաքի արանքը։ Մի՛ փորձեք ուժով պտտել, բաքը կծակեք։
Իսկ եթե ջուրն էլ չի տաքանում
Որոշ մոդելներում (հատկապես Indesit, Ariston), երբ տաքացուցիչը այրվում է, մեքենան սպասում է ջրի տաքանալուն և չի անցնում լվացքի փուլին։ Թվում է՝ թմբուկն է փչացել, իսկ իրականում տաքացուցիչն է։
Արժե՞ ինքնուրույն բացել
Եթե ձեռքի տակ գործիք ունեք, փոկը տեղը գցելը բարդ չէ։ Բայց հիշեք՝ հետևի կափարիչը հանում եք միայն հոսանքից անջատած վիճակում, և եթե փոկը նորից ընկավ, կանգ առեք։ Մնացած ամեն ինչը՝ խոզանակներ, պլատա, առանցքակալ, ավելի լավ է թողնել վարպետին, որովհետև սխալ հավաքելուց հետո վերանորոգումը ավելի թանկ է նստում։
Թմբուկը չի՞ պտտվում։ Զանգեք 033 13 03 71։ Ասեք՝ ինչ ցույց տվեց 1 րոպեի թեստը, և վարպետը կգա արդեն պետքական դետալով։ Ավելին՝ Լվացքի մեքենաների վերանորոգում · Գներ։
