Քամելու պահին ամբողջ տունը իմանում է, որ դուք լվացք եք անում։ Մեքենան դղրդում է, «քայլում» լոգարանով, վրայի շշերը թափվում են, իսկ ներքևի հարևանը արդեն մեկ անգամ բարձրացել է։

Մի քիչ թրթռոցը նորմալ է. 1000–1200 պտույտով պտտվող թաց լվացքը ծանր բան է։ Բայց եթե մեքենան տեղից շարժվում է կամ հարվածում է, ինչ-որ բան այն չէ։

Եթե մեքենան նոր է կամ նոր եք տեղափոխել

Տրանսպորտային պտուտակները

Սա դասական դեպք է։ Նոր մեքենայի հետևում 3–4 մեծ պտուտակ կա, որոնք բաքը ամուր պահում են տեղափոխման ժամանակ։ Եթե դրանք չհանեք, մեքենան առաջին իսկ քամելուն թռչկոտելու է, և սա կարող է լուրջ վնասել այն։ Նայեք հետևից. եթե պտուտակները տեղում են, հանեք բանալիով և անցքերը փակեք հավաքածուի պլաստիկե խցաններով։ Պտուտակները պահեք, տեղափոխվելիս պետք են գալու։

Ստուգեք ինքներդ

Հավասա՞ր է կանգնած

Ձեռքերը դրեք մեքենայի անկյուններին և անկյունագծով օրորեք։ Եթե ճոճվում է, ոտիկները կարգավորեք և պարտադիր ձգեք ոտիկի վրայի կոնտրգայկան, թե չէ մեկ շաբաթից նորից կթուլանա։ Մակարդակաչափ (ուրովեն) ունեք՝ ավելի լավ։

Հատակը

Սահուն սալիկի վրա նույնիսկ սարքին մեքենան է սահում։ Օգնում են ոտիկների տակ դրվող ռետինե բարձիկները։ Փայտե, ճկվող հատակի վրա թրթռոցը միշտ ավելի ուժեղ է։

Ինչ և ինչքան եք լցրել

  • Մեկ ծանր իր (խալաթ, գորգիկ, ջինս) քամելիս հավաքվում է թմբուկի մի կողմում, և անհավասարակշռություն է լինում։ Կողքը մի քանի սրբիչ ավելացրեք։
  • Գերբեռնվածություն. թմբուկը ամուր խցկած լցնելը ամորտիզատորներ է «ուտում»։
  • Վերմակի ծրարի մեջ մյուս շորերը հավաքվում ու գնդակ են դառնում։ Կոճկեք ծրարը։

Շատ մեքենաներ անհավասարակշռությունը զգալիս ցույց են տալիս UE (Samsung, LG) կոդը և հրաժարվում քամել։ Բացեք, շորերը ձեռքով բաժանեք, նորից միացրեք։

Երբ արդեն դետալ է մաշվել

Ամորտիզատորները

Բաքը ներքևից պահում են երկու (երբեմն չորս) ամորտիզատոր, ինչպես մեքենայի մոտ։ 6–8 տարուց մաշվում են։

Թեստ. Բացեք դուռը, ձեռքով թմբուկը սեղմեք ներքև և կտրուկ բաց թողեք։ Սարքին մեքենայում բաքը բարձրանում և միանգամից կանգնում է։ Եթե մի քանի անգամ ճոճվում է, ինչպես զսպանակի վրա, ամորտիզատորները պետք է փոխել։ Փոխվում են զույգով։

Զսպանակները

Բաքը վերևից կախված է զսպանակներից։ Հազվադեպ են փչանում, բայց եթե մեկը պոկվել կամ ձգվել է, բաքը թեքված է կանգնում և քամելիս խփվում կորպուսին։

Հակակշիռը

Բաքին ամրացված են բետոնե ծանր բլոկներ, որ այն չթռչկոտի։ Երբ դրանց պտուտակները թուլանում են կամ բետոնը ճաքում է, լսվում է խուլ, ծանր դմփդմփոց։ Պտուտակները ձգելը րոպեների գործ է, բայց պետք է բացել վերևի կափարիչը։

Առանցքակալը (պադշիպնիկ)

Սա ոչ թե ցատկոց է, այլ գվվոց, որը ուժեղանում է պտույտների հետ, կարծես ինքնաթիռ է թռչում։ Թեստ՝ թմբուկի եզրից բռնեք և վեր ու վար շարժեք. եթե բաքի նկատմամբ խաղ կա կամ պտտելիս խռխռոց է լսվում, առանցքակալն է։ Մի՛ ձգձգեք. մաշված առանցքակալը ժամանակի ընթացքում փչացնում է թմբուկի առանցքը և բաքը, և վերանորոգումը կրկնակի թանկանում է։

Թմբուկում օտար առարկա

Զնգոց, չխկչխկոց պտտվելիս. մանրադրամ, կոճակ կամ կրծկալի մետաղալար։ Երբեմն դուրս է գալիս ֆիլտրից, երբեմն պետք է հանել տաքացուցիչի անցքից։

Ինչու չհետաձգել

Ցատկող մեքենան ոչ միայն նյարդայնացնում է։ Թրթռոցից թուլանում են խողովակների միացումները (ու մի օր ջուրը հատակին է), ճաքում է բաքը, վնասվում են էլեկտրական լարերը։ Էժան ամորտիզատորը ժամանակին չփոխելը հաճախ ավարտվում է թանկ առանցքակալով։

Մեքենան «քայլու՞մ է» լոգարանով։ Զանգեք 033 13 03 71։ Կարող եք 10 վայրկյան տեսանյութ ուղարկել WhatsApp/Viber-ով, և վարպետը նախապես կասի՝ ինչի է նման։ Ավելին՝ Լվացքի մեքենաների վերանորոգում տանը։