Բացում եք դուռը, և դեմքին խփում է խոնավ նկուղի հոտ։ Ավելի վատ՝ նոր լվացած սրբիչն էլ է նույն հոտը տալիս։ Տարօրինակ է. չէ՞ որ այդ մեքենայի մեջ ամեն օր լվացող միջոց ու ջուր է լինում։
Հենց դա էլ պատճառն է։ Եկեք հասկանանք։
Ինչու է հոտ գալիս
1. Լվանում եք միայն 30–40 աստիճանով։ Սա գլխավոր պատճառն է։ Ցածր ջերմաստիճանը խնայում է շորերն ու հոսանքը, բայց չի սպանում բակտերիաներն ու բորբոսը։ Բաքի ներսի պատերին, որտեղ դուք չեք տեսնում, տարիների ընթացքում լորձոտ շերտ է գոյանում։
2. Շատ փոշի և փափկեցուցիչ եք լցնում։ «Շատ լցնեմ, լավ լվանա»՝ չի աշխատում։ Ավելորդ միջոցը չի ողողվում, նստում է խողովակներում ու բաքին և դառնում բորբոսի կեր։ Փափկեցուցիչը հատկապես։
3. Լվացքից հետո դուռը փակում եք։ Ներսում խոնավ ու մութ է. բորբոսի համար իդեալական պայմաններ են։
4. Դռան ռետինի ծալքերը։ Ետ տարեք ռետինը և նայեք ներքևի ծալքի մեջ։ Եթե այնտեղ սև բծեր ու լպրծուն նստվածք կա, հոտի մեծ մասը հենց այդտեղից է։
5. Ֆիլտրը և դատարկման խողովակը։ Ֆիլտրում հավաքված մազը, թելերն ու ջուրը նեխում են։ Իսկ եթե հոտը կոյուղու է, հնարավոր է՝ խողովակը սխալ է միացված, և կոյուղու օդը հետ է գալիս մեքենայի մեջ։
Մաքրում ենք քայլ առ քայլ
Քայլ 1. Դռան ռետինը
Սպունգ, տաք ջուր և ամանի հեղուկ կամ սոդա։ Մաքրեք բոլոր ծալքերը, հատկապես ներքևինը։ Սև բծերի համար կարելի է քլոր պարունակող միջոց, բայց լավ ողողեք և ձեռնոց հագեք։ Վերջում չորացրեք շորով։
Քայլ 2. Փոշու արկղը
Հանեք ամբողջությամբ (սովորաբար մեջտեղում սեղմվող լեզվակ կա)։ Հին ատամի խոզանակով մաքրեք և՛ արկղը, և՛ այն խորշը, որտեղից հանեցիք։ Այնտեղի վերևի մասում սովորաբար ամենաշատ բորբոսն է։
Քայլ 3. Ֆիլտրը
Ներքևի դռնակը, տարա, սրբիչ։ Ինչպես բացել՝ նկարագրել ենք այստեղ։
Քայլ 4. Տաք «դատարկ» լվացք
Թմբուկի մեջ լցրեք 80–100 գրամ կիտրոնաթթու (սովորական, խանութի), առանց շորերի միացրեք ամենաերկար ծրագիրը 90 աստիճանով։ Կիտրոնաթթուն լուծում է և՛ կիրը, և՛ լորձոտ շերտը։ Կարող եք օգտագործել նաև լվացքի մեքենայի հատուկ մաքրող միջոց։
⚠️ Քլորն ու թթուն (կիտրոնաթթու, քացախ) երբեք միասին մի՛ օգտագործեք։ Խառնվելիս թունավոր գազ է անջատվում։ Մեկն օգտագործեցիք՝ լավ ողողեք, հետո միայն մյուսը։
Քայլ 5. Չորացրեք
Ծրագրի ավարտից հետո սրբեք ռետինը և դուռն ու փոշու արկղը բաց թողեք։
Որ հոտը չվերադառնա
- Ամիսը մեկ անգամ լվացեք 60 աստիճան և բարձր ծրագրով՝ սրբիչներ, անկողին։
- Փոշին լցրեք տուփի վրա գրված չափով, ոչ թե «աչքաչափով»։
- Լվացքից հետո դուռը կիսաբաց թողեք։ Միշտ։
- Թաց լվացքը մեքենայում ժամերով մի՛ թողեք։
- 3–4 ամիսը մեկ կրկնեք կիտրոնաթթվով մաքրումը։
Երբ մաքրելը չի օգնում
Եթե ամեն ինչ արեցիք, իսկ հոտը մնաց կամ մի շաբաթից վերադարձավ.
- Կոյուղու հոտ է։ Դատարկման խողովակը պետք է բարձրանա գոնե 50–60 սմ հատակից և միանա սիֆոնին հետադարձ փականով։ Սխալ միացումը շտկվում է կես ժամում։
- Ջուրը մինչև վերջ չի դատարկվում։ Պոմպը թույլ է աշխատում, բաքի հատակին միշտ ջուր է մնում և նեխում։
- Բաքի ներսում հաստ նստվածք է։ Տարիների կուտակվածը երբեմն հնարավոր է մաքրել միայն մեքենան բացելով։
- Այրվածի հոտ է, ոչ թե բորբոսի։ Անմիջապես անջատեք մեքենան. դա փոկն է, մոտորը կամ լարերը։
Հոտը չի՞ անցնում։ Զանգեք 033 13 03 71 կամ գրեք WhatsApp/Viber-ով։ Կստուգենք պոմպը, միացումը և բաքը։ Ավելին՝ Լվացքի մեքենաների վերանորոգում և սպասարկում։
