Աման լվացող մեքենա գնել եք, որ ժամանակ խնայեք։ Իսկ հիմա ծրագրից հետո կանգնում եք լվացարանի մոտ և ձեռքով վերալվանում բաժակները։ Ափսեների վրա չորացած կերակուրի հետքեր, բաժակներին՝ սպիտակ փառ, պատառաքաղների արանքում՝ բրնձի հատիկներ։
Տասը դեպքից յոթում մեքենան սարքին է, պարզապես նրան խնամք է պետք։ Գնանք հերթով։
1. Ֆիլտրը խցանված է
Մեքենայի հատակին, ներքևի ցողիչ թևի տակ, կլոր ֆիլտր կա։ Պտտեք, հանեք։ Եթե այն ծածկված է ճարպի ու սննդի մնացորդների շերտով, մեքենան ամանները լվանում է կեղտոտ ջրով։ Լվացեք տաք ջրով և խոզանակով։
Սա պետք է անել շաբաթը մեկ անգամ։ Շատերը չգիտեն, որ այդ ֆիլտրն ընդհանրապես հանվում է։
2. Ցողիչ թևերի անցքերը փակ են
Ջուրը ամաններին խփում է պտտվող թևերի (ներքևի և վերևի) փոքր անցքերից։ Կիտրոնի կորիզը, ձվի կճեպը, կիրը փակում են դրանք։ Թևերը հանվում են առանց գործիքի. լվացեք, անցքերը մաքրեք ատամի չոփով։ Տեղը դնելուց հետո ձեռքով պտտեք. պիտի ազատ պտտվեն։
3. Ամանները սխալ եք դասավորում
- Մեծ կաթսան կամ կտրատելու տախտակը փակում է թևի ճանապարհը, և կողքի ամանները ջուր չեն ստանում։
- Ափսեները իրար կպած են։
- Գդալները իրար մեջ «պառկած» են։
- Խորը ամանները բերանով վերև են դրված և լցվում են ջրով։
Միացնելուց առաջ ձեռքով պտտեք երկու թևն էլ։ Ոչնչի չպետք է դիպչեն։
4. Աղ չկա, կամ ողողիչը վերջացել է
Մեր ջուրը շատ տեղերում կոշտ է։ Մեքենայի հատակին հատուկ աղի տարա կա. աղը փափկացնում է ջուրը։ Առանց դրա բաժակներին սպիտակ փառ է նստում, իսկ մեքենայի ներսում՝ կիր։ «3-ը 1-ում» հաբերը կոշտ ջրի դեպքում չեն փոխարինում աղին։
Ողողիչը (rinse aid) պետք է, որ ամանները չորանան առանց կաթիլների հետքերի։
Օգտագործեք միայն աման լվացող մեքենայի հատուկ աղ, ոչ թե կերակրի աղ։
5. Հաբը չի լուծվում
Ծրագրի վերջում հաբը կիսատ ընկած է հատակի՞ն։ Պատճառները՝ կարճ ծրագիր (30 րոպեում հաբը չի հասցնում լուծվել), հաբի բաժնի դռնակը չի բացվել, որովհետև դիմացը մեծ ափսե է դրված, կամ ջուրը չի տաքանում։
6. Ջուրը չի տաքանում
Սառը ջրով ճարպը չի լվացվում, հաբը չի լուծվում, ամանները դուրս են գալիս թաց ու սառը։ Ծրագրի կեսին զգուշորեն բացեք դուռը. ներսից պիտի տաք գոլորշի գա։ Եթե ներսը սառն է, տաքացուցիչը կամ նրա տվիչն է անսարք։ Սա արդեն վարպետի գործ է։
7. Շրջանառու պոմպը թույլ է աշխատում
Հենց այս պոմպն է ջուրը ճնշումով մղում դեպի թևերը։ Երբ այն մաշվում է կամ մեջը ապակու կտոր է ընկնում, ջուրը ցողվում է թույլ։ Նշանը՝ մեքենան աշխատում է սովորականից անձայն, կամ հակառակը՝ գվվում է, իսկ ամանները գրեթե չոր են դուրս գալիս։
8. Մեքենան ինքը կեղտոտ է
Ամիսը մեկ դատարկ մեքենան միացրեք ամենատաք ծրագրով՝ հատուկ մաքրող միջոցով կամ 2–3 ճաշի գդալ կիտրոնաթթվով։ Դռան ռետինն ու ներքևի եզրը սրբեք ձեռքով, այնտեղ ջուրը չի հասնում։
Արագ ախտորոշում
| Ինչ եք տեսնում | Ամենահավանական պատճառը |
|---|---|
| Սննդի մնացորդներ, ավազանման հատիկներ | Ֆիլտր, ցողիչ թևեր |
| Սպիտակ փառ բաժակներին | Աղ չկա, կոշտ ջուր |
| Ամանները թաց են | Ողողիչ չկա կամ տաքացուցիչ |
| Հաբը չի լուծվել | Կարճ ծրագիր, փակված դռնակ, սառը ջուր |
| Միայն վերևի զամբյուղն է կեղտոտ | Վերևի թևը կամ ջրի մատակարարումը նրան |
Ե՞րբ զանգել
Երբ ֆիլտրն ու թևերը մաքուր են, աղն ու ողողիչը տեղում, ամանները ճիշտ դասավորված, իսկ արդյունքը նույնն է։ Կամ երբ ջուրը չի տաքանում, հատակին ջուր է մնում, կամ էկրանին սխալի կոդ է։
Մեքենան լվանում է, բայց ամանները կեղտո՞տ են։ Զանգեք 033 13 03 71։ Վերանորոգում ենք տանը՝ Bosch, Beko, Samsung, Indesit, Gorenje և այլ մակնիշներ։ Ավելին՝ Աման լվացող մեքենաների վերանորոգում · Գներ։
