Վարպետների շրջանում մի խոսք կա. «Օդորակիչի կյանքի 80 տոկոսը որոշվում է տեղադրման օրը»։ Կարող եք գնել ամենաթանկ ճապոնական մոդելը, բայց եթե այն տեղադրվի հապճեպ, երկու տարուց ֆրեոնը կգնա, պատից ջուր կկաթի, և մեղավոր կհամարեք մակնիշին։

Այս հոդվածը նրա համար է, որ դուք իմանաք՝ ինչ պահանջել։

1. Ինչ հզորություն ընտրել

Մոտավոր հաշվարկը պարզ է՝ 10 քառակուսի մետրին՝ 1 կՎտ սառեցման հզորություն, 2.7–3 մ առաստաղի դեպքում։

Սենյակի մակերեսՀզորություն
մինչև 20–25 մ²7000–9000 BTU
25–35 մ²12000 BTU
35–50 մ²18000 BTU
50–70 մ²24000 BTU

Ավելացրեք 20–30 տոկոս, եթե.

  • վերջին հարկն է, և տանիքը տաքանում է,
  • սենյակը արևկողմ է՝ մեծ պատուհաններով,
  • խոհանոցն ու հյուրասենյակը միացված են,
  • առաստաղները բարձր են (ստալինյան շենքեր)։

Թույլ օդորակիչը կաշխատի առանց դադարի և շուտ կմաշվի։ Չափից հզորն էլ լավ չէ. արագ սառեցնում-անջատվում է, և սենյակում խոնավ ու անհարմար է։

Ինվերտո՞ր, թե՞ սովորական։ Եթե օդորակիչն օգտագործելու եք ամեն օր, և առավել ևս ձմռանը տաքանալու համար, ինվերտորը իր գինը հետ է բերում հոսանքի հաշվին, և ավելի անձայն է։

2. Որտեղ կախել ներսի բլոկը

  • Ոչ մահճակալի կամ բազմոցի դիմաց։ Սառը օդը չպիտի փչի ուղիղ մարդու վրա։ Լավագույն տեղը՝ մահճակալի գլխավերևում կամ կողքի պատին, որ օդը գնա սենյակի երկարությամբ։
  • Առաստաղից՝ առնվազն 10–15 սմ։ Կպած առաստաղին օդորակիչը օդ չի կարողանում ներս քաշել։
  • Ոչ պահարանի կամ վարագույրի քիվի վերևում. օդի հոսքը փակվում է։
  • Ոչ հեռուստացույցի և տեխնիկայի ուղիղ վերևում. ամեն դեպքում ջուր է։
  • Հնարավորինս մոտ դրսի պատին։ Ինչքան կարճ է խողովակը, այնքան լավ է աշխատում և էժան է նստում։

3. Դրսի բլոկը

  • Պիտի լինի մի տեղ, որտեղ հետագայում հնարավոր է հասնել՝ լվանալու և վերանորոգելու։ Պատուհանի տակ կամ պատշգամբի կողքին։ Հակառակ դեպքում ամեն սպասարկման համար ալպինիստ եք վճարելու։
  • Լավ է, երբ ուղիղ կիզիչ արևի տակ չէ։
  • Պատշգամբի ներսում փակ տեղադրել չի կարելի. բլոկը շնչելու տեղ չունի։
  • Հաշվի առեք հարևանին. բլոկի ձայնն ու դրենաժի ջուրը չպիտի լինեն նրա պատուհանի տակ։ Բազմաբնակարան շենքերում ճակատին տեղադրելուց առաջ ճշտեք շենքի կառավարման մարմնի կանոնները։

4. Ինչն է տարբերում լավ տեղադրումը վատից

Վակուում

Սա ամենակարևոր կետն է, և հենց սա են ամենից հաճախ բաց թողնում։ Խողովակները միացնելուց հետո վարպետը վակուումային պոմպով 15–20 րոպե հանում է միջի օդն ու խոնավությունը։ Առանց դրա խոնավությունը մնում է համակարգում, խառնվում յուղին, և կոմպրեսորը դանդաղ քայքայվում է։ «Ֆրեոնով փչում ենք, նույն բանն է»՝ նույն բանը չէ։

Հարցրեք հեռախոսով. «Վակուումային պոմպով աշխատու՞մ եք»։ Եթե պատասխանը խուսափողական է, շարունակեք փնտրել։

Խողովակները

Պղնձե, նոր, առանց ծալվածքների։ Միացումները արված են հատուկ գործիքով և ձգված դինամոմետրիկ բանալիով։ Ամբողջ երկարությամբ ջերմամեկուսացված, թե չէ պատի մեջ «կքրտնեն»։

Դրենաժը

Ամբողջ երկարությամբ թեքությամբ ներքև, առանց «պարկերի» ու վերելքների։ Հակառակ դեպքում ջուրը կաթելու է սենյակ։

Էլեկտրականությունը

12000 BTU և ավելի հզորների համար ցանկալի է առանձին գիծ վահանակից՝ իր ավտոմատով։ Հին շենքերի ալյումինե լարերին հզոր օդորակիչ միացնելը ռիսկ է։ Հայաստանում լարման տատանումները հազվադեպ չեն, ուստի ինվերտորային մոդելի համար լարման պաշտպանիչ ռելեն լավ ներդրում է։

Մաքրությունը

Պատը ծակելիս լավ վարպետը օգտագործում է փոշեկուլ կամ տոպրակ։ Անցքը դրսից փակվում է, որ ներս ջուր ու միջատ չմտնի։

5. Ինչ հարցնել վարպետին զանգելիս

  1. Ստանդարտ տեղադրման գնի մեջ քանի՞ մետր խողովակ է մտնում, և ի՞նչ արժե ամեն լրացուցիչ մետրը։
  2. Վակուում անու՞մ եք։
  3. Կրոնշտեյնները, դրենաժը, լարը գնի մե՞ջ են։
  4. Բարձր հարկի դեպքում ալպինիստի կարի՞ք կա, և ով է դա կազմակերպում։
  5. Տեղադրման աշխատանքի համար երաշխիք տալի՞ս եք։

6. Ե՞րբ տեղադրել

Լավագույն ժամանակը գարունն է կամ աշունը։ Հերթեր չկան, վարպետը չի շտապում հաջորդ պատվերին, և դուք հուլիսի շոգին արդեն պատրաստ եք։ Իսկ եթե վերանորոգում եք անում տանը, խողովակների ուղին (շտրոբան) արեք սվաղից առաջ. հետո ամեն ինչ թաքնված ու գեղեցիկ կլինի։

Օդորակիչ եք գնել կամ պատրաստվու՞մ եք գնել։ Զանգեք 033 13 03 71։ Կօգնենք ընտրել հզորությունն ու տեղը, կտեղադրենք վակուումով և կտանք աշխատանքի երաշխիք։ Ավելին՝ Օդորակիչների տեղադրում Երևանում · Գներ։