Կաթսան սովորաբար փչանում է հունվարին, գիշերը, երբ դրսում −10 է։ Մարտկոցները սառում են, տաք ջուր չկա, էկրանին թարթում է ինչ-որ կոդ։

Գազի սարքի հետ կատակ չեն անում, դրա համար այս հոդվածը բաժանել ենք երկու մասի՝ ինչ կարելի է ստուգել ինքնուրույն, և ինչին չի կարելի ձեռք տալ։

⚠️ Նախ՝ անվտանգությունը

Եթե գազի հոտ եք զգում.

  1. Փակեք գազի ծորակը։
  2. Բացեք պատուհանները։
  3. Լույս մի՛ վառեք, վարդակից ոչինչ մի՛ հանեք ու մի՛ միացրեք, կրակ մի՛ վառեք։
  4. Դուրս եկեք բնակարանից և զանգեք գազի վթարային ծառայություն՝ 1-04։

Սա վարպետի հարց չէ, սա վթարային ծառայության հարց է։

Ինչ կարող եք ստուգել ինքներդ

1. Հոսա՞նք կա

Կաթսայի էկրանը վառվու՞մ է։ Ստուգեք վարդակը և լարման կայունարարը (ստաբիլիզատորը), եթե ունեք։ Հոսանքի անջատումներից հետո հենց կայունարարն է հաճախ մնում անջատված։

2. Գա՞զ կա

Գազօջախը վառվու՞մ է։ Կաթսայի տակի դեղին ծորակը բա՞ց է։ Եթե գազի կանխավճարային հաշվիչ ունեք, մնացորդ կա՞։

3. Ճնշումը

Նայեք մանոմետրին (սլաքով կամ էկրանին)։ Սառը համակարգում պիտի լինի 1–1.5 բար։ Եթե 0.5-ից ցածր է, կաթսան արգելափակվում է, որ չվնասվի։

Ինչպես ավելացնել. կաթսայի տակ լիցքավորման փոքր ծորակ կա (սովորաբար սև կամ կապույտ)։ Դանդաղ բացեք, հետևեք սլաքին, 1.2–1.5-ի վրա փակեք։ Եթե չգիտեք՝ որն է, նայեք գրքույկում կամ նկարն ուղարկեք մեզ։

Եթե ճնշումը ընկնում է ամեն շաբաթ, սա արդեն նորմալ չէ. կա՛մ համակարգում արտահոսք կա (նայեք մարտկոցների միացումներին), կա՛մ ընդարձակման բաքն է դատարկվել, կա՛մ անվտանգության փականն է կաթում։

4. Reset

Շատ կաթսաներ սխալից հետո արգելափակվում են։ Սեղմեք Reset կոճակը (կամ պտտեք բռնակը R դիրքի) մեկ անգամ։ Եթե վառվեց և աշխատում է, հավանաբար պատահական խափանում էր։ Եթե նորից անջատվեց, երրորդ ու չորրորդ անգամ մի՛ սեղմեք։ Կաթսան անջատվում է ձեզ պաշտպանելու համար։

5. Ծխատարը

Ուժեղ քամու կամ սառնամանիքի ժամանակ կաթսան կարող է անջատվել ծխատարի պատճառով. դրսի ծայրին սառույց է գոյացել կամ քամին հետ է փչում։ Նայեք դրսից՝ խողովակի ծայրը փակ չէ՞։

6. Ռադիատորների օդը

Մարտկոցի վերևը սառն է, ներքևը տաք, և լսվում է կլկլոց։ Օդ է հավաքվել։ Բացեք մարտկոցի ծայրի փոքր փականը (Մաևսկու ծորակ), մինչև օդի փոխարեն ջուր գա, հետո ստուգեք ճնշումը։

Ինչին ՉԻ ԿԱՐԵԼԻ ձեռք տալ

  • Կաթսայի ներսի փակ այրման խցիկը բացել։
  • Գազի փականը, այրիչը, ժիկլյորները քանդել կամ «մի քիչ կարգավորել»։
  • Տվիչները կարճ միացնել, որ «գոնե աշխատի»։ Ծխի կամ գերտաքացման տվիչը շրջանցելը կարող է ավարտվել շմոլ գազով թունավորմամբ։
  • Ծխատարը ձևափոխել։

Ինչ է լինում, երբ պատճառը տեխնիկական է

Ինչ եք տեսնումՀավանական պատճառ
Չխկչխկում է, կայծ կա, բայց չի վառվումԳազի փական, էլեկտրոդների կեղտ, գազի ճնշում
Վառվում է և 3–5 վայրկյանից հանգումԻոնացման էլեկտրոդ, պլատա, հողանցում
Ջեռուցումը կա, տաք ջուր չկաԵռաքայլ փական, հոսքի տվիչ, խցանված ջերմափոխանակիչ
Տաք ջուրը թույլ է, մեկ տաք-մեկ սառըՋերմափոխանակիչը կիրով է լցված
Գվվում, դղրդում է տաքանալիսԿիր հիմնական ջերմափոխանակիչում, պոմպ
Օդափոխիչի կամ ծխի սխալՕդափոխիչ, ճնշման ռելե, ծխատար
Ճնշումը բարձրանում է մինչև 3 և փականից ջուր է գալիսԸնդարձակման բաք

Տարեկան սպասարկում. ինչու է դա խնայողություն

Կաթսան, ինչպես մեքենան, սպասարկման կարիք ունի։ Տարին մեկ անգամ, ջեռուցման սեզոնից առաջ (սեպտեմբեր-հոկտեմբեր), վարպետը մաքրում է այրիչն ու էլեկտրոդները, ստուգում ընդարձակման բաքի ճնշումը, ֆիլտրերը, ծխատարը, անվտանգության տվիչները։ Մեր կոշտ ջրի պայմաններում 2–3 տարին մեկ պետք է լվանալ նաև ջերմափոխանակիչը։

Սպասարկված կաթսան քիչ գազ է ծախսում և հունվարի գիշերը ձեզ անակնկալ չի մատուցում։

Կաթսան չի՞ աշխատում։ Զանգեք 033 13 03 71։ Ասեք մակնիշը (Baxi, Ariston, Vaillant, Bosch, Ferroli, Immergas և այլն) և էկրանի կոդը։ Կգանք նույն օրը կամ համաձայնեցված ժամին։ Ավելին՝ Գազի կաթսաների վերանորոգում և սպասարկում։