Հատակին լճակ, կամ բանջարեղենի արկղերը հանում եք՝ տակը ջուր։ Լավ լուրն այն է, որ սա սառնարանի ամենա«անվնաս» խնդիրներից է, և շատ հաճախ լուծվում է 10 րոպեում՝ առանց որևէ դետալ փոխելու։
Որտեղի՞ց է ընդհանրապես ջուրը
Սառնարանի ներսի հետևի պատին խոնավությունը սառում է, հետո հալվում և կաթիլներով իջնում ներքև։ Այնտեղ փոքրիկ անցք կա, որով ջուրը խողովակով գնում է հետևի կողմ՝ մոտորի վրայի տարայի մեջ, և այնտեղ գոլորշիանում։ Երբ այս ճանապարհի որևէ կետ խցանվում է, ջուրը գտնում է ուրիշ ճանապարհ՝ դեպի ձեր հատակը։
Պատճառ 1. Խցանված ջրահեռացման անցք (10 դեպքից 7-ը)
Ինչպես հասկանալ։ Ջուրը հավաքվում է սառնարանի բաժնի ներքևում, բանջարեղենի արկղերի տակ։ Հետևի պատին սառույցի շերտ կա։
Ինչպես մաքրել.
1. Անջատեք սառնարանը հոսանքից։
2. Գտեք անցքը. հետևի պատի ներքևում է, մեջտեղում, փոքրիկ ակոսի մեջ։
3. Ականջի փայտիկով կամ փափուկ պլաստիկե ձողիկով զգուշորեն մաքրեք։ Մետաղալար մի՛ օգտագործեք, խողովակը կծակեք։
4. Սովորական ներարկիչով (առանց ասեղի) մի քանի անգամ տաք ջուր ներարկեք անցքի մեջ, մինչև ազատ անցնի։
5. Հետևից ստուգեք՝ ջուրը հասնու՞մ է մոտորի վրայի տարային։
Ինչու է խցանվում։ Փշուրներ, կանաչու կտորներ, իսկ ամենից հաճախ՝ մթերքը կպցրած է լինում հետևի պատին, և սառույցի հետ ինչ-որ բան սահում է անցքի մեջ։ Մթերքն ու հետևի պատը իրար չպետք է դիպչեն։
Պատճառ 2. Ջուր սառցախցիկում կամ դրա տակ (No Frost)
No Frost մոդելներում հալեցման ջուրը գնում է սառցախցիկի հետևից։ Եթե այդ ճանապարհը սառել է, սառցախցիկի հատակին սառույցի շերտ է գոյանում, իսկ հետո ջուրը դուրս է գալիս դռան տակից։ Այստեղ ինքնուրույն մաքրելը բարդ է, որովհետև պետք է բացել հետևի պանելը։ Սովորաբար պատճառը հալեցման տաքացուցիչն է կամ խցանված խողովակը։ Մանրամասն՝ No Frost սառնարանը սառույց է կապում։
Պատճառ 3. Հետևի տարան
Ջուրը հենց սառնարանի տակ է, իսկ ներսում չոր է։ Նայեք հետևից. մոտորի վրայի պլաստիկե տարան կարող է ճաքած լինել, տեղից շարժված, կամ խողովակը դուրս է եկել դրա միջից։ Հաճախ լինում է տեղափոխությունից հետո։
Պատճառ 4. Դուռը լավ չի փակվում
Երբ ռետինը չի կպնում, ներս է մտնում տաք ու խոնավ օդ, և ջուրը գոյանում է ավելի շատ, քան համակարգը հասցնում է հեռացնել։ Նշանը՝ հետևի պատը մշտապես թաց է կամ սառույցով, մոտորը գրեթե չի հանգստանում։ Ռետինը կա՛մ լվացվում ու վերականգնվում է, կա՛մ փոխվում։
Պատճառ 5. Լույսերը գնացել էին
Եթե տանը մի քանի ժամ հոսանք չի եղել, սառցախցիկը մասամբ հալվել է, և ջուրը դուրս է եկել։ Սա անսարքություն չէ։ Սրբեք, ստուգեք, որ սառնարանը նորից նորմալ սառեցնում է, և վերջ։
Ե՞րբ զանգել վարպետի
- Անցքը մաքրեցիք, բայց մեկ շաբաթից ջուրը նորից հավաքվեց։
- Ջուրը սառցախցիկից է կամ No Frost մոդել է։
- Ջրի հետ մեկտեղ սառնարանը վատ է սառեցնում։
- Հատակի ջուրը յուղոտ է. սա արդեն ջուր չէ, և սառնարանը պետք է անջատել։
Մի՛ թողեք «հետո»։ Ջուրը սառնարանի տակ փչացնում է լամինատն ու պարկետը, իսկ ներսում՝ առաջացնում բորբոս ու հոտ։
Ջուրը նորից ու նորից հավաքվու՞մ է։ Զանգեք 033 13 03 71 կամ նկարն ուղարկեք WhatsApp/Viber-ով։ Կգանք նույն օրը կամ ձեզ հարմար ժամին։ Ավելին՝ Սառնարանների վերանորոգում։
