Գիշերը տանը լռություն է, ու մեկ էլ խոհանոցից՝ «թըխկ», հետո ինչ-որ կլկլոց։ Սառնարանը միակ սարքն է, որ աշխատում է օրը 24 ժամ, և բնական է, որ այն լռակյաց չէ։ Բայց կան ձայներ, որոնք նորմալ են, և կան ձայներ, որոնք ասում են՝ «ինձ վարպետ ցույց տվեք»։

Ձայներ, որոնցից պետք չէ վախենալ

  • Կլկլոց, ջրի հոսելու ձայն։ Ֆրեոնն է շարժվում խողովակներով։ Հատկապես լսվում է մոտորի անջատվելուց հետո։
  • Թեթև «չրթ»։ Թերմոստատը կամ ռելեն միացնում/անջատում է մոտորը։
  • Ճռճռոց, ճտճտոց։ Պլաստիկը ջերմաստիճանի փոփոխությունից լայնանում ու սեղմվում է։ Նոր սառնարաններում առաջին ամիսներին ավելի շատ է լինում։
  • Մեղմ, հավասար բզզոց։ Կոմպրեսորի աշխատանքն է։ Մի քանի րոպե աշխատում է, հետո լռում։
  • Օդի թեթև շշուկ No Frost-ում։ Օդափոխիչն է։

Եթե սառնարանը նոր է, առաջին օրերին ավելի աղմկոտ է աշխատում, մինչև ներսը հասնի պետքական ջերմաստիճանին։

Ձայներ, որոնք խնդրի նշան են

Դղրդոց, զնգոց, թրթռոց

Ամենից առաջ ստուգեք պարզ բաները։ Սառնարանը հավասա՞ր է կանգնած։ Մի քիչ օրորեք. եթե ճոճվում է, ոտիկները կարգավորեք։ Պատին կամ կողքի պահարանի՞ն է կպած։ Վրան կամ մեջը ապակե տարաներ իրար չե՞ն դիպչում։ Հետևում խողովակը ցանցի՞ն չի զարկվում։ Այս դեպքերի կեսը լուծվում է սառնարանը 2 սմ տեղաշարժելով։

Ճռթճռթոց կամ «թռռռ», կարծես ինչ-որ բան կպնում է թիակին

No Frost սառնարաններում օդափոխիչի թիակները դիպչում են կուտակված սառույցին։ Սա արդեն ձայնի խնդիր չէ, այլ հալեցման համակարգի։ Եթե չշտկվի, մի քանի օրից վերևի բաժինը կդադարի սառեցնել։

Բարձր գվվոց, որը չի դադարում

Եթե մոտորը ժամերով աշխատում է առանց կանգ առնելու և ավելի բարձր, քան առաջ, պատճառը կարող է լինել ֆրեոնի պակասը, չկպնող դուռը կամ մաշված կոմպրեսորը։ Ձեռքը դրեք հետևի ցանցին. եթե սառն է, ամենայն հավանականությամբ ֆրեոնի արտահոսք է։

Ուժեղ հարված, երբ մոտորն անջատվում է

Կոմպրեսորը նստած է ռետինե բարձիկների և զսպանակների վրա։ Երբ դրանք մաշվում են, ամեն անջատվելիս ամբողջ սառնարանը ցնցվում է։ Սարքը կարող է այսպես աշխատել երկար, բայց թրթռոցը ժամանակի ընթացքում խողովակներն է վնասում։

«Չրթ, բզզզ, չրթ» ամեն մի քանի րոպեն մեկ, և ցուրտ չկա

Մոտորը փորձում է միանալ ու չի կարողանում։ Սովորաբար գործարկման ռելեն է, ավելի հազվադեպ՝ ինքը կոմպրեսորը։ Այս վիճակում սառնարանը անջատեք հոսանքից և զանգեք վարպետի. ամեն անհաջող փորձ մոտորը տաքացնում է։

Սուլոց կամ ֆշշոց

Կարճ ֆշշոցը մոտորի անջատվելուց հետո նորմալ է։ Իսկ եթե ֆշշոցը մշտական է և սառնարանը վատ է սառեցնում, հնարավոր է արտահոսք։

Արագ աղյուսակ

Ինչ եք լսումՀավանական պատճառըԻնչ անել
Կլկլոց, ճտճտոցՆորմալ աշխատանքՈչինչ
Թրթռոց, զնգոցԱնհավասար դիրք, կպած է պատինԿարգավորել ոտիկները, հեռացնել պատից
Թիակը ինչ-որ բանի է կպնումՍառույց օդափոխիչի մոտՎարպետ՝ հալեցման համակարգ
Անդադար բարձր գվվոցՖրեոն, դուռ, կոմպրեսորՎարպետ՝ ախտորոշում
Չրթոց և բզզոց, ցուրտ չկաՌելե կամ կոմպրեսորԱնջատել, կանչել վարպետ

Մի փոքր խորհուրդ

Երբ զանգում եք վարպետին, հեռախոսով 10 վայրկյան ձայնագրեք այդ ձայնը և ուղարկեք WhatsApp-ով կամ Viber-ով։ Փորձառու վարպետը ձայնից շատ բան է հասկանում և գալիս է արդեն պետքական դետալը հետը։

Սառնարանի ձայնը ձեզ անհանգստացնու՞մ է։ Զանգեք 033 13 03 71։ Կասենք՝ նորմալ է, թե ոչ, և կգանք, եթե պետք լինի։ Մանրամասն՝ Սառնարանների վերանորոգում Երևանում։